Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ճանաչենք ու մեծարենք իրական սրբերին

Ճանաչենք ու մեծարենք իրական սրբերին
22.04.2016 | 11:58

Ապրիլի 24-ին Երևանում կայանալու է «Ավրորա Մարդիգանյան» մրցանակաբաշխությունը` «Հարյուր կյանք» նախաձեռնությամբ: Մրցանակը կտրվի նրան, ով առավել խիզախությամբ ու նվիրվածությամբ պայքարել է հանուն մարդու իրավունքների, ընդդեմ ամեն տեսակի բռնության, մարդատյացության, ազգայնամոլության, ռասիզմի, ցեղասպանության:


Եվ ահա այսօր հարկ է արժանիորեն հիշել ու մեծարել տարբեր ազգությունների այն անձնազոհ, խիզախ, մարդասեր դուստրերին ու որդիներին, ովքեր իրենց կյանքի, առողջության գնով 1894-1923 թթ. թուրք-քրդական բարբարոսությունից փրկել են հազար-հազարավոր հայ մանուկների, կանանց, հայորդիների, որոնց սերունդներն այսօր հարյուր հազարներ, գուցե միլիոններ են...
Ահա նրանք` իրական սրբուհիներն ու սրբերը։
Դանիայի քսանամյա դուստրը` Քարեն Եփփեն, իր ազնիվ ու ըմբոստ հոգով պայքարի էր ելել ընդդեմ չարի, հանուն մարդկայնության, ի պաշտպանություն հայ որբերի, կանանց` աներևակայելի անձնազոհությամբ փրկելով հազարավոր կյանքեր: Իսկ հայ մանուկները նրան «Քարեն մայրիկ» էին անվանում:
Էստոնիայի դուստր Աննա Էդվիգ Բյուլ` հազարավոր հայ մանուկների «Բյուլ մայրիկը». երիտասարդ կնոջ աներևակայելի անձնազոհությունը, մարդասիրությունը, խիզախությունն այսօր էլ երախտագիտություն ու հիացմունք են արթնացնում մեր սրտերում: Էստոնիայի դուստրը այնպես էր նվիրվել տառապյալ հայությանը, որ բարեկամուհուն հղած նամակում գրում էր` իմ սիրտը հայ է: Իսկ մահվան շեմին վերջին բառերն արտաբերում է հայերեն` զարմանք ու հիացմունք պատճառելով շրջապատողներին:
Շվեդուհի Ալմա Յոհանսոն, նորվեգացի աշխարհահռչակ գիտնական, մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսեն. նանսենյան անձնագրերով չարից փրկվել ու գոյատևել են հարյուր հազարավոր հայ զավակներ:
Ռուս գրող, մեծ մարդասեր Ս. Գորոդեցկին Արևմտյան Հայաստանից սայլերով հայ մանուկներ էր փոխադրում Արևելյան Հայաստան` զինված, հեծյալ` հսկելով սայլերի ընթացքը: Հայ ժողովրդի մեծ բարեկամը դեռ 1919 թ. տագնապում էր Արցախի ճակատագրի համար, գրելով. «Ով կտիրի Արցախին, նա էլ կտիրի Հայաստանի սրտին` Արարատյան դաշտին»: Մեծ գրողը հիացմունքով, ջերմ սիրով էր արտահայտվում արցախահայության մասին. «Արցախահայությունն իր մեջ խտացնում է հայ ժողովրդի բոլոր առաքինությունները»:
Ահա իրական սրբուհիներն ու սրբերը, որոնց հարկ է մեծարել արժանիորեն, նրանց անուններով գյուղեր, փողոցներ, հրապարակներ անվանակոչել, կանգնեցնել հուշարձաններ` յուրահատուկ քարե գրադարակներով, որոնցում պահ տալ իրական սրբերի կյանքը ներկայացնող գրքեր, փաստաթղթեր. չէ՞ որ տվյալ բնակավայրերում ապրողները թերևս հենց նրանց փրկած հայերի սերունդներն են: Գյուղեր, փողոցներ, հրապարակներ, որոնք այսօր անարդարացիորեն կրում են Լենինի, Աթարբեկյանի և նման այլ դահիճների, նաև, ցավոք, թուրք ասպատակող ցեղապետերի եղկելի անունները:
Երախտապարտ հայրենակիցներ, ներկայացնեմ մեր ժողովրդի իրական սրբուհիներից ևս մեկին` 1894-1895 թթ. Դիարբեքիրում Ֆրանսիայի մարդասեր հյուպատոս Գուստավ Մեյրիեի կնոջը` տիկին Մեյրիեին, ով փրկել է 300 հայի կյանք, որոնց սերունդներն այսօր թերևս տասնյակ հազարներ են:
Կարդացեք, հիացեք, զարմացեք և մեծարեք:

Հատված հարգարժան Ա. Իսոյանի «Սև գիրք» ժողովածուից
Անձնուրաց ֆրանսուհի տիկին Մեյրիեն՝ Ֆրանսուա-Ժոզեֆ Օդիֆրեի անվան «Բարձր անձնավորություն» մրցանակի դափնեկիր
1902 թ. Ֆրանսիայի բարոյագիտական և քաղաքական գիտությունների ակադեմիան Դիարբեքիրի ֆրանսիական հյուպատոսի կնոջը` տիկին Մեյրիեին հանձնել է Ֆրանսուա-Ժոզեֆ Օդիֆրեի 15 հազար ֆրանկ մրցանակը, որը տրվում է տարվա ամենաանձնուրաց մարդուն: Նա այդ մրցանակին արժանացել է 1895-1896 թթ. հայկական կոտորածների ժամանակ ցուցաբերած արիության համար:
Ֆրանսիայի ազգային լուսավորության նախարարության բարձրագույն կրթության բաժնի կառավարիչ պարոն Լիարը, ում հանձնարարված է եղել զեկուցել մրցանակների մասին, ասել է հետևյալը.
-Արյունալի գազանություններից հետո երեք հարյուր հայեր դիմել են հյուպատոս Մեյրիեին` խնդրելով իր վրա վերցնել իրենց անմիջական պաշտպանությունը և օգնել հասնելու մինչև ծովափ: Հյուպատոսը, կատարելապես կարեկցելով թշվառներին, վախենում է, թե միգուցե իր` տեղից հեռանալով` կատարվեն նոր վայրագություններ: Այդ պահին հյուպատոսի կինը առաջարկում է, որ ինքն անձամբ իր հսկողությամբ նրանց կհասցնի մինչև նավահանգիստ:
Մինչև մոտակա ծովափը` Միջերկրական ծովի Ալեքսանդրետը, ձիով 15 օրվա ճանապարհ էր: Տխուր տեսարան էր իրենից ներկայացնում այդ ճանապարհը. գյուղերն ավերված էին, ամենուրեք կամայականություն էին անում քրդերը: Տիկին Մեյրիեն իր հետ վերցնում է նաև փոքրահասակ չորս երեխաների, որոնցից վերջինը եղել է ծծկեր: Եվ նա սկսում է վտանգալից այդ ճանապարհորդությունը: Դիարբեքիրի նահանգապետը հյուպատոսի կնոջն առաջարկում է պահնորդ, սակայն միայն նրա ապահովության համար: Քաջ կինը հայտնում է, թե պահնորդը պետք է պահպանի բոլորին, այլապես նա չի կարող ընդունել այդ առաջարկը: Որպեսզի ստիպի պահնորդ ոստիկաններին ամբողջ քարավանը պահպանել, տիկին Մեյրիեն իր երեխաներին պատգարակով ուղարկում է քարավանի առաջապահ մաս, իսկ ինքը ձիով հետևում է քարավանին, երբեմն-երբեմն թեքվելով պատգարակի վրա, որ կուրծք տա երեխային: Հանգիստ առնելու դեպքում հերոսուհին հոգում է սննդի և գիշերելու խնդիրները: Նա հաճախ արթնանում է գիշերները` հանգստացնելով դժբախտներին:
Բերեջիկում, որտեղից պետք է անցնեին Եփրատ գետը, տեղական թուրք իշխանավորները տիկին Մեյրիեին հայտնում են, որ Կ. Պոլսից հրաման է ստացվել թույլ տալ անցնել միայն Ֆրանսիայի հյուպատոսի կնոջը, պնդելով, որ մնացյալներին արգելվում է: Բայց ոչ մի բան չէր կարող տիկին Մեյրիեի կամքին հակառակ գնալ. նա կարգադրում է իր երեխաներին անցկացնել մյուս ափը, հայտնելով, թե ինքը կանցնի ամենավերջինը, երբ բոլոր իր հետ եղողներն արդեն կլինեն մյուս ափին: Թուրք իշխանավորների դողը բռնում է. եթե նրանք արգելեն անցնելը և այդպիսով գուցե լինեն նրա ծծկեր մանկան մահվան պատճառ, այդ դեպքում հանցավորը սաստիկ կպատժվի: Քաղաքապետը զիջում է, և ամբողջ թափորը հաջողությամբ անցնում է Եփրատը:


Եվ այսպես, ճանապարհի բոլոր վտանգների մեջ, որ լի էր վայրագ քրդերի և չերքեզների խմբերով, ուղևորները հասնում են ծովափ:
Տիկին Մեյրիեն բոլորին տեղավորում է շոգենավում և ամենավերջինը ինքն է ելնում տախտակամածի վրա:
-Մեզ թվում է,- եզրափակում է Լիարը,- անվեհեր տիկին Մեյրիեն այսպիսի ծանր հանգամանքների մեջ կարողացավ արժանապես ներկայացնել Ֆրանսիան որպես քաջ, մեծահոգի և կարեկցող երկիր:
Նա կատարելապես արժանի է Օդիֆրիեի «Բարձր անձնավորություն» մրցանակին:


Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Դիտվել է՝ 1567

Մեկնաբանություններ